26 մարտի 2011 - 14:51 AMT
Միջազգային կառույցները բարձր են գնահատել Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՊԵԿ-ի աշխատանքը

Մարտի 25-ին պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել «Հայաստանում գործարար միջավայրի բարելավման միջոցառումները» թեմայով շնորհանդեսը` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում վերջիններիս ներկայացվել են հարկ վճարողների կողմից հարկային և մաքսային մարմիններին ներկայացվող դիմումների և այլ փաստաթղթերի կրճատման վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից իրականացված քայլերը: Հանդիպմանը մասնակցում էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Հայաստանում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը և նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը ներկայացրեցին համապատասխանաբար մաքսային և հարկային ոլորտներում իրականացված լայնածավալ բարեփոխումները: Վերջին վեց ամսվա ընթացքում ՊԵԿ-ը վերացրել է ավելի քան հինգ տասնյակ տարբեր տեսակի դիմումների, տեղեկանքների, հայտերի, փորձագիտական եզրակացությունների ներկայացման անհրաժեշտությունը: Նշվեց, որ պարզեցվել են ոչ միայն ՊԵԿ-հարկ վճարողներ ընթացակարգերը, այլ նաև ՊԵԿ-ի ներսում գործող մոտ երկու տասնյակ ընթացակարգեր, որոնք անուղղակիորեն առնչվում են հարկ վճարողներին: Մասնավորապես, ներդրվում է հարկ վճարողի գրանցման և հարկային մարմնում հաշվառման «մեկ պատուհան» սկզբունքը, կրճատվում և օպտիմալացվում են հարկային հաշվետվությունների քանակը և հաճախականությունը, վերացվում է որոշակի ապրանքներ ներկրելիս նախկինում պահանջվող նմուշառման անհրաժեշտությունը:

Բացի այդ, կարևորվեց ՊԵԿ նախագահի այն հանձնարարականը, ըստ որի, մաքսային համակարգի հետ առնչվող յուրաքանչյուր հիմնախնդիր քաղաքացիները կարող են ներկայացնել ցանկացած տարածքային հարկային ծառայություն և հակառակը, ու այնտեղից էլ ստանալ իրենց բարձրացրած հարցերի պատասխանները:

Բանախոսները բարձր գնահատեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի և միջազգային կառույցների համագործակցությունը Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ մինչ այժմ իրականացված քայլերի և ներկայումս շարունակվող խորհրդատվությունների առնչությամբ: