31 մարտի 2011 - 15:17 AMT
«Արմմոնո» փառատոնին առաջին անգամ մասնակցում են Եգիպտոսի և Իսրայելի ներկայացուցիչները

«Արմմոնո» մենաներկայացումների 9-րդ փառատոնին առաջին անգամ մասնակցում են Եգիպտոսի և Իսրայելի ներկայացուցիչներ: Այդ մասին լրագրողներին ասել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Եգիպտոսի ներկայացուցիչ Սամաա Իբրահիմ Ալին բավական հայտնի դերասանուհի է իր երկրում, որը մասնակցել է բազմաթիվ թատերական փառատոնների: Ներկայացումը, որով հանդես է գալու Ալին, բեմադրել է Այման Իբրահիմը: Այն պատմում է հավաքարարի մասին, որը մաքրում է բեմը Բիզեի «Կարմեն» օպերայի համար և պատկերացնում իրեն գլխավոր հերոսուհու դերում:

Իսրայելի ներկայացուցիչ Հովարդ Ռիփը հանդիստատեսի դատին է հանձնելու «Ջիմփել հիմարիկը» ներկայացումը: Այն պատմում է մինչև Հոլոքոսթը Եվրոպայի կյանքում բարու և չարիքի մասին: Ներկայացման ժամանակ հնչելու է արևելաեվրոպական հրեաների Կլեզմեր երաժշտությունը:

«Արմմոնո» փառատոնն անցկացվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի Թատերական գործիչների միության աջակցությամբ: