
Ապրիլի 1-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում ընդգրկված էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա) և Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):
Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԳՆԱՆ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա) և Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):
Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: