1 ապրիլի 2011 - 16:29 AMT
Ճապոնական «Ֆուկուսիմայի» ռադիոակտիվ ամպերը չեն հասնի Հայաստան, հայտարարել է բնապահպանը

Ռադիոակտիվ մասնիկներ պարունակող ամպերը, որոնք մթնոլորտ են արտանետվել Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետից հետո, դժվար թե հասնեն Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Մասնագետի խոսքով, Հայաստանը բավական հեռու է վթարի վայրից, և ճապոնական ԱԷԿ-ի ռադիոակտիվ արտանետումներն այդքան հզոր չեն, որ հասնեն հանրապետությանը:

«Սակայն քաղաքացիներն անհանգստանում են, որ ռադիոակտիվ նյութերը կարող են Հայաստան հասնել կենցաղային տեխնիկայի և այլ ապրանքների միջոցով, որոնք ներկրվում են ոչ միայն Ճապոնիայից, այլև վթարի տարածաշրջանին մոտ երկրներից»,- ասել է բնապահպանը:

Ռադիոակտիվ ամպերն արդեն հասել են Թուրքիա` անցնելով Խաղաղ օվկիանոսի, Ամերիկայի ու Եվրոպայի վրայով: