Ամփոփվեցին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մարտի 28-30-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցկացված Եվրամիության կողմից Հայաստանում իրականացվող «Եվրոպական դաշնամուր» ծրագրի 2-րդ փուլի աշխատանքները, որը նախատեսում էր վարպետության դասեր և Ֆրանսիայի Կան քաղաքում հոկտեմբերի 15-30-ը անցկացվելիք դաշնակահարների միջազգային մրցույթի մասնակիցների ընտրություն: «Եվրոպական դաշնամուր» ծրագրի համակարգող` դաշնակահարուհի Դանիել Լավալի ընտրությամբ Հայաստանից միջազգային մրցույթին կմասնակցեն Մարության Իզաբելլան (դաս.` պրոֆեսոր Ս. Սարաջյան) և Իսրայելյան Սուսաննան (դաս.` պրոֆեսոր Ս. Բարսեղյան):
«Եվրոպական դաշնամուր» ծրագրի եզրափակիչ փուլին` միջազգային մրցույթին նախատեսվում է տարբեր երկրների շուրջ 25 դաշնակահարների մասնակցություն: Մրցույթը կանցկացնի 7 հոգուց բաղկացած միջազգային ժյուրին` հեռուստատեսային ուղիղ հեռարձակմամբ:
«Եվրոպական դաշնամուր» մրցույթի հաղթողին հնարավորություն կընձեռվի մենահամերգով հանդես գալ Եվրախորհրդարանում: Նախատեսվում են նաև դրամական մրցանակներ.1-ին տեղ` 8000 եվրո և մասնակցության դիպլոմ, 2-րդ տեղ` 4000 եվրո, 3-րդ տեղ` 3000 եվրո, հատուկ մրցանակ` 15000 եվրո և համերգային շրջագայություն Եվրոպայում, որի ծախսերը կհոգան կազմակերպիչները:
Ինչպես հայտնում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջը, «Եվրոպական դաշնամուր» ծրագրի 2-րդ փուլի աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսին մասնացում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Ժան Պոլ Մարտենը, ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության գլխավոր մասնագետ, մշակութային կրթության համակարգող Լիլիա Նիկոյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արկադի Ավանեսովը, «Եվրոպական դաշնամուր» ծրագրի ներկայացուցիչ Քրիսթինե Ծատուրյանը: