Հայաստանում բիզնես գրանցելու նոր սկզբունքի պաշտոնական գործարկումից սկսած` 2011-ի ապրիլի 1-ի դրությամբ արդեն գրանցվել են 102 անհատ ձեռներեցներ և 23 ՓԲԸ-ներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության պետի տեղակալ Աշոտ Թորոսյանը: Ընդ որում, նրա խոսքերով, գրանցումների ամենամեծ թիվը գրանցվել է ապրիլի 1-ին` 59 անհատ ձեռներեց և 13 ՓԲԸ, որոնք անմիջականորեն ստացել են իրենց գրանցման գաղտնագիրը: Թորոսյանը պարզաբանել է, որ ցանկացողները սպասել են ամսվա սկզբին, քանի որ մարտի 25-ից ապրիլի 1-ը գրանցվելու դեպքում իրավաբանական անձինք ստիպված են եղել հաշվետվություն ներկայացնել այդ մի քանի օրվա համար, ինչը ռացիոնալ չէ: «Հիմա գրանցման գործընթացն ընթանում է ավելի հանգիստ տեմպերով»,-ասել է նա: Վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 25-ին այցելել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության նորաբաց կենտրոն։ Վարչապետը շրջել է կենտրոնի սրահում, ծանոթացել տեխնիկական նոր հնարավորություններին:
Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների արդյունքում ներդրվել է «Մեկ պատուհան» սկզբունքը, համաձայն որի քաղաքացին այլևս ստիպված չի լինի ռեգիստրում գրանցվելու համար մի քանի դուռ թակել, հավաքել անհրաժեշտ տեղեկանքներ ու փաստաթղթեր։ Համակարգի ներդրմամբ իրավաբանական անձի գրանցումը կատարվելու է «Մեկ պատուհանից»:
«Այսուհետև ձեռնարկությունների գրանցման գործընթացը ՀՀ-ում կատարվելու է առավելագույնը 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով գրանցումը հնարավորություն է տալու, որպեսզի քաղաքացիները կարողանան ձեռնարկություն գրանցել` նույնիսկ չայցելելով գործակալություն»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Իրականացված բարեփոխումը ոչ միայն մեկ պատուհանի սկզբունքով սպասարկվող այս սրահի ստեղծումն է, այլև էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը նշանակում է, որ բիզնեսի գրանցման հայտերը կստացվեն նաև էլեկտրոնային եղանակով` www. e-registr.am կայքի միջոցով: