5 ապրիլի 2011 - 11:12 AMT
Տեսնելով հայ աստղերի անտարբերությունը՝ հասարակությունը որոշել է միջոցներ հավաքել անօթևանների համար

Տեսնելով հայ էստրադայի աստղերի անգործությունը, որոնց կոչ էին անում ապրիլի 3-ին «Տաշիր-2011» մրցանակաբշխության ժամանակ նվեր ստացած բնակարանները նվիրել անօթևան ընտանիքներին, Facebook-ի հայ օգտագործողները որոշել են ցանցում խումբ բացել, որի օգնությամբ միջոցներ կհավաքագրվեն անտուն ընտանիքների համար: Խմբի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր կարծես թե բոլորը ջղայնացել են, որ հարուստ մարդիկ իրենք իրենց նվերներ են տալիս՝ բնակարաններ, մեքենաներ: Աստղերից պահանջելու փոխարեն, ամեն մեկս ամսեկան 1000 կամ 500 դրամ փոխանցենք կարիքավորներին: Շուտով բանկում հաշիվ կբացվի»:

Նախաձեռնությանը միացել են նաև սփյուռքահայեր տարբեր երկրներից: Այս պահի դրությամբ խմբում 135 մասնակից կա:

Ապրիլի 3-ին Մոսկվայում՝ Կրեմլի պետական պալատում տեղի ունեցավ «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Բնակարանի վկայականներ ստացան Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արման Հովհաննիսյանը, Լուսինան: Բնակարաններ են ստացել նաև հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու Քսենիա Սոբչակը: Մարտիրոսյանը բնակարան է ստացել Մոսկվայում, իսկ Սոբչակը` Երևանում: Facebook սոցիալական ցանցում բացվել է «Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին» անունը կրող հատուկ էջ: Խմբի մասնակիցները հայկական էստրադայի աստղերին, որոնք բնակարանի կարիք չունեն, կոչ են անում «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ նվեր ստացած բնակարաններն անօթևան ընտանիքներին նվիրաբերել: Չնայած, որ էջը բացվել է ապրիլի 3-ի գիշերը, դրան արդեն 620 մարդ է միացել: