7 ապրիլի 2011 - 15:01 AMT
Կվերացվեն օրինական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սահմանափակումները

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց կիրառմամբ քաղաքային բնակավայրերում օրինական հողամասերին կից ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ բազմաթիվ գույքային միավորներ կընդգրկվեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ, կվերացվեն քաղաքային և գյուղական բնակավայրերում համանման իրավական կարգավորման տարբերակված մոտեցումները, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով և կառավարության համապատասխան որոշումներով սահմանված դրույթների միջև առկա հակասությունները։ Ըստ էության վերացվում են ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ օրինական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սահմանափակումները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ սա երկար սպասված որոշում է, որը մանրամասնորեն պետք է ներկայացվի հանրությանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: