Ապրիլի 7-ին Երևանի Սիրահարների այգում տեղի ունեցավ «Կանայք մեր ծրագրի սիրտն ու հոգին են» խորագրով միջոցառումը: Այն կազմակերպվել էր Օքսֆամ բրիտանական միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից: Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ Օքսֆամի շահառու կառույցների ձեռքի աշխատանքների ցուցադրում, ինչպես նաև ճաշատեսակների համտես: Այս ամենից բացի, բացվեց «Երեք սերնդի կանայք» խորագրով գյուղական համայնքների բնակիչների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
«Սա լավ հնարավորություն է տալիս Օքսֆամին ցույց տալ իր ծավալած գործունեությունը Հայաստանում: Գիտենք, որ հիմա Հայաստանի գյուղերում կան մեծաթիվ խնդիրներ, սակայն այս միջոցառումը ցույց է տալիս, որ լավ նախաձեռնություններ ևս կան: Շատ հաճելի է տեսնել, որ կան կանայք, որոնք ակտիվ են, զբաղվում են իրենց նախընտրած գործով և ակտիվորեն մասնակցում հասարակական կյանքին»,-ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը:
Միջոցառման վերջում ելույթ ունեցան Վայք քաղաքի «Զարթոնք» մանկապատանեկան համույթի սաները:
Օքսֆամ ընկերության հայաստանյան գրասենյակը 1994 թվականից սկսած Հայաստանում զբաղվում է 165 հեռավոր գյուղական համայնքներում մարդասիրական և համայնքների զարգացման տարաբնույթ միջոցառումներով: Այն սերտ համագործակցում է տեղի հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման և մարզային իշխանությունների հետ: Օքսֆամի առաքելությունն է աղքատության կրճատումը և մարդկային տառապանքների վերացումը: