8 ապրիլի 2011 - 12:38 AMT
Ա. Իսկանդարյան. Հասկանալու համար, որ Հայաստանը վտանգավոր չէ Իսրայելի համար, բավական է բացել հանրագիտարանը

«Ցանկալի կլիներ, որպեսզի իսրայելական կառույցը, որը զբաղվում է Իսրայելի համար շատ կարևոր ահաբեկչության դեմ պայքարի խնդրով, մի քիչ ավելի պրոֆեսիոնալ լիներ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական շտաբի կողմից Հայաստանն իսրայելցիների համար վտանգավոր երկրների ցուցակում ընդգրկելու փաստը: Նրա խոսքերով, հասկանալու համար, որ Հայաստանում Իսրայելի քաղաքացիների համար վտանգ չկա, բավական է բաց անել հանրագիտարանը:

Ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական շտաբը, որը մտնում է Ազգային անվտանգության խորհրդի մեջ, հաղորդագրություն է տարածել, որի համաձայն Պեսախ տոնի նախաշեմին իսրայելցիներին խորհուրդ են տալիս զերծ մնալ Հայաստան և Վրաստան այցելելուց, հաղորդում է IzRus պորտալը: Այդ երկրներում վտանգ կա, որ կարող են առևանգվել «Հեզբոլլահի» և «Համազի» ահաբեկիչների կողմից:

Ինչպես նշվում է շտաբի պաշտոնական կայքում, ԽՍՀՄ այդ երկու նախկին երկրներում առկա է «կոնկրետ սպառնալիք»: Ամենայն հավանականությամբ, պատճառն Իրանի հետ երկու երկրների սերտ հարաբերություններն են: