Հայաստանի Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) ապրիլի 8-ին սկսել է «Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր» ծրագիրը, որի նպատակն աշխարհի ազդեցիկ մարդկանց ղարաբաղյան հիմնախնդրի հետ ծանոթացնելն է: Ինչպես հայտնել է լրագրողներին կուսակցության քարտուղարության անդամ Գերասիմ Բարսեղյանը, ապրիլի 8-ից մայիսի 8-ը նախատեսվում է 4 մլն էլեկտրոնային հասցեական նամակներ ուղարկել աշխարհի բոլոր երկրների կառավարությունների, խորհրդարանների, ինչպես նաև միջազգային, հասարակական կազմակերպությունների ազդեցիկ անդամներին: Նա նշել է, որ ծրագրի գլխավոր նպատակն է ԼՂ հակամարտության պատմական հանգամանքների, ընթացքի և իրական փաստերի հանրայնացումը, Ադրբեջանի ռազմատենչ և բացահայտ կեղծիքի վրա հիմնված քարոզչության հետևանքների չեզոքացումը, ԼՂՀ միջազգային ճանաչմանը նպաստելը:
Կուսակցության երևանյան տարածքային կազմակերպության ղեկավար Սերգեյ Վարդանյանը հաղորդել է, որ էլեկտրոնային հասցեական նամակներից բացի ակտիվ աշխատանք է տարվելու սոցցանցերում ղարաբաղյան հիմնախնդրի հետ ծանոթացնելու նպատակով, մասնավորապես` Facebook-ում և Twitter-ում: Իր հերթին, կուսակցության քարտուղար Նաիրի Կարապետյանը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր» ծրագիրը հասարակական է և դրան ՄԻԱԿ-ից բացի մասնակցում են մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ: Գերասիմ Բարսեղյանը նշել է, որ չի բացառում, որ ծրագրին մասնակցելու են Հայաստանի կառավարության և խորհրդարանի անդամներ: Ծրագրի արդյունքների մասին հայտարարվելու է մայիսի 8-ին: