9 ապրիլի 2011 - 13:27 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը

ԱՄՆ Պետդեպարտամենտը զեկույց է հրապարակել 2010 թվականին Հայաստանում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ: Ինչպես ասվում է զեկույցում, 2010թ. ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարելու քաղաքացիների իրավունքները սահմանափակ են եղել ընտրական գործընթացի զգալի թերությունների պատճառով:

«Ուժային կառույցները շարունակել են խախտել մարդու իրավունքները և նրանց գրոծողություններն անպատիժ են մնացել: 2010թ. կասկածելի մահացու դեպքեր կատարվեցին բանակում, սակայն, ոչ մարտական պայմաններում, այլ զինակոչիկների հետ դաժան վերաբերմունքի պատճառով: Ոստիկանությունը շարունակում է ծեծի ենթարկել մարդկանց հարցաքննությունների ժամանակ: Վատթարացել են կալանավորների պայմանները: Իշխանությունները շարունակել են ընդդիմության ու նրա կողմնակիցների չհիմնավորված ձերբակալությունները: Դատական համակարգը քաղաքական ճնշման է ենթարկվել գործադիրի կողմից: Տարվա ընթացքում իշխանությունները ազատ են արձակել 2008թ. մարտի 1-ի գործով դատապարտված 4 մարդու, սակայն դեռևս շատերը մնում են կալանավայրերում»,-ասվում է զեկույցում:

Պետդեպարտամենտը գտնում է նաև, որ ԶԼՄ-ներում, մասնավորապես, հեռուստատեսությունում ու ռադիոյում բացակայում է բազմակարծությունն ու իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանումը, առկա են լրագրողներին ահաբեկելու փորձեր:

Ըստ զեկույցի, կոռուպցիան շարունակում է մնալ երկրի կարևորագույն խնդիրներից մեկը, իսկ իշխանությունները սահմանափակ միջոցներով են պայքարում դրա դեմ: