9 ապրիլի 2011 - 19:31 AMT
«2010թ. մարդու իրավունքների վերաբերյալ» զեկույց. Հայաստանի բնակչության միայն 7% է օգտվել ինտերնետից

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է «2010 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ» զեկույցը, որն անդրադարձել է նաև Հայաստանում ինտերնետի անկախությանը։

Զեկույցի համաձայն, այս տարվա ընթացքում չի գրանցվել ՀՀ կառավարության կողմից որևէ մասնավոր կամ ընդդիմադիր կայքի` միտումնավոր արգելափակման դեպք։ Չեն գրանցվել նաև կառավարության կողմից մոնիտորինգի դեպքեր՝ որևիցե կասկածելի չատ-խոսակցությունների կամ էլեկտրոնային հաղորդագրությունների մասին։

Զեկույցում ասվում է նաև, որ ինտերնետ-ակումբները մեծաքանակ են եղել բոլոր քաղաքներում, չնայած ինտերնետ փրովայդերները հաճախ ծայրահեղ դանդաղ կապ են մատուցել։ Որոշ ինտերնետ-ակումբներ են գործել նաև գյուղերում։ Ըստ Միջազգային Հեռահաղորդակցության միության 2010 թվականի վիճակագրության` Հայաստանի բնակչության միայն 7%-ն է օգտվել ինտերնետից 2010-ի ընթացքում։