12 ապրիլի 2011 - 15:33 AMT
Թուրքիան պահանջում է Իրանից արգելել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը

Թուրքական «Հայկական անհիմն պահանջների դեմ պայքարի հասարակություն» կազմակերպությունը (ASİMDER) պահանջում է Իրանի իշխանություններից արգելել ապրիլի 24-ին Թեհրանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը: ASİMDER ղեկավար Հեքսալ Գյուլբեյի խոսքերով, կազմակերպությունը նամակ է ուղարկել Էրզրումում Իրանի գլխավոր հյուպատոսարան և պահանջել արգելել ֆիլմի ցուցադրությունը:

«Մենք պահանջում ենք, որպեսզի «Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը չցուցադրվի Թեհրանում: Չի կարելի թույլ տալ, որպեսզի այդ ցուցադրությունը վնասի թուրք-իրանական հարաբերություններին»,- ասվում է նամակում, հաղորդում է haber3-ը:

Ապրիլի 24-ին Թեհրանում ցուցադրվելու է հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ` Ցեղասպանության լուսանկարիչ» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկա են գտնվելու մի շարք իրանական խորհրդարանականներ: Կինոժապավենը նաև ցուցադրվելու է իրանական հեռուստաալիքներից մեկով: