13 ապրիլի 2011 - 16:10 AMT
Լևոն Զուրաբյանը խաղաղություն է ցանկանում իշխանությունների հետ, բայց կոչ է անում պատրաստվել պատերազմի

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի խոսքերով, այժմ իշխանությունների հետ ընթացող քաղաքական պայքարը պատերազմ է: Այդ մասին նա հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում: Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ համար նախընտրելի է քաղաքակիրթ մեթոդներով, իշխանությունների հետ բանակցությունների ճանապարհով ՀԱԿ-ի առջև դրված խնդիրները լուծելը, սակայն հիշեցրել է լատինական ասացվածքը` «Եթե խաղաղություն ես ցանկանում, պատրաստվիր պատերազմի»: «Եվ մենք ցանկանում ենք դա անել: Եթե մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ապա պետք է պատրաստվենք պատերազմի և մենք պատրաստվելու ենք դրան»,- ասել է նա:

Ինչ վերաբերվումն է PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե որ մեթոդներն է այդ պատերազմում ՀԱԿ-ն անընդունելի համարում, Զուրաբյանը պատասխանել է. «Քաղաքական պայքարի շատ մեթոդներ, որոնք ՀԱԿ-ի համար անընդունելի են, ընդունելի կդառնան, եթե իշխանությունները գնան էսկալացիայի»: Զուրաբյանը նաև պատասխանել է քաղաքացիական անհնազանդության հնարավոր քայլերի մասին հարցին, այն դեպքում, եթե իշխանությունները մինչև ապրիլի 28-ը չկատարեն ՀԱԿ պահանջները: Նա չի բացառել ցույցերը Բաղրամյան պողոտա տեղափոխելը, որտեղ ՀՀ նախագահի նստավայրն է և խորհրդարանը, նստացույց հայտարարելը, հարկեր չվճարելը և այլ մեթոդներ:

Ապրիլի 8-ի ցույցին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջել է իշխանություններից ազատ արձակել բոլոր «քաղբանտարկյալներին», թույլ տալ Ազատության հրապարակում ցույցերի ազատ անցկացում, ինչպես նաև հետաքննել 2008-ի մարտի 1-ի դեպքերը: Նրա խոսքերով, այդ պայմանների կատարումն անհրաժեշտ է իշխանությունների և ընդդիմության երկխոսության համար, հակառակ դեպքում նա խոստացել է, որ ՀԱԿ-ը կտրուկ փոխելու է պայքարի իր ռազմավարությունը: