14 ապրիլի 2011 - 11:13 AMT
Ասիական զարգացման բանկը վեց հայկական բանկերի հետ միասին կֆինանսավորի առևտրի ոլորտը

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) վեց հայկական բանկերի հետ (Ամերիաբանկը, «Անելիքը», Արդշինինվեստբանկը, Հայէկոնոմբանկը, Կոնվերսբանկը, Յունիբանկը) համաձայնագիր են կնքել Հայաստանում առևտրի զարգացման ծրագրի մեկնարկի մասին:

ԱԶԲ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի դեպարտամենտի մասնավոր բիզնեսի զարգացման պատասխանատու Սթիվեն Վերմերտը նշել է, որ սա աննախադեպ ծրագիր է մասնակից բանկերի քանակով:

Նա հայտնել է, որ ԱԶԲ առևտրի ֆինանսավորման ծրագիրն իրականացվում է Տաջիկստանում ու Ուզբեկստանում, այս շաբաթ ծրագիրը կմեկնարկի նաև Վրաստանում, իսկ մեկ տարվա ընթացքում նախատեսվում է սկսել առևտրի ֆինանսավորման ծրագիրը նաև Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի մյուս երկրներում:

Ինչ վերաբերում է վարկերի տրամադրման պայմաններին, ապա, ըստ Վերմերտի, տոկոսը կորոշի շուկան: «Մենք էժան վարկեր չենք տրամադրում, քանի որ տոկոսները որոշում է շուկան»,-հայտարարել է Վերմերտը: