Դոնեցկի «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն ամփոփել է «Բարսելոնայի» հետ խաղի արդյունքները և նշել, որ գլխավորն այն է, որ կատալոնական թիմը նրանցից վախեցել է: «Դա ակնհայտ էր մեր համագործակցության տարիների ընթացքում առաջին անգամ: Հեշտ չէր «Շախտյորի» ֆուտբոլիստներին խաղի այն մակարդակին բերելը, որը նրանք ցույց տվեցին: Ինձ համար կարևոր էր Չեմպիոնների լիգան լքելիս լավ տպավորություն թողնել: Դա մեզ մոտ ստացվեց»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն:
Նա նշել է, որ առաջին քառորդ եզրափակչից հետո «Շախտյորը» հաջող կերպով աշխատել է իր սխալների վրա: Եվ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի օրինակով ցույց է տվել իր սաների խաղի փոփոխությունը. «Իսպանիայում նա շատ սխալներ է գործել և նույնիսկ դարձել գոլերից մեկի անմիջական մեղավորներից մեկը: Մենք շատ ենք զրուցել նրա հետ այդ թեմայով, և ֆուտբոլիստը ճիշտ հետևություններ է արել: Դոնեցկում Մխիթարյանը չափազանց ուշադիր էր խաղում, արդեն չէր սխալվում, այլ ստիպում էր դա անել մրցակիցներին: Հուսալիորեն փակել էր իր գոտին, ռացիոնալ կերպով օգտագործում էր դրիբլինգը` մշտապես զարգացնելով արագությունը: Ցավում եմ, որ նա գոլ չխփեց»: