14 ապրիլի 2011 - 21:22 AMT
Բակո Սահակյան. Ստեփանակերտի օդանավակայանը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 14-ին Ստեփանակերտի օդանավակայանի գլխամասային շենքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը, օդանավակայանի տնօրեն Արթուր Կարապետյանը և համապատասխան ծառայությունների պատասխանատուները:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ օդանավակայանի վերագործարկման գործում առաջնահերթությունը անպայման պետք է տրվի որակական չափանիշների պահպանմանը` միջազգային պահանջներին համապատասխան:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: