Թուրքական բանտերում բանտարկյալները, ներառյալ ձերբակալված լրագրողներ Ահմեդ Շիքը և Նեդիմ Շեները, զրկվելու են հայ-թուրքական «Ակոս» թերթից: Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ արգելքը դրվել է այն պատճառով, որ թերթը հրատարակվում է «օտար լեզվով»:
Սիլվիրի բանտի աշխատակազմի խոսքերով, «Ակոս» թերթը հրապարակում է հոդվածներ, որոնք արգելված են Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից: Ինչպես գրում է Radikal թերթը, 15 տարի լույս տեսնող թերթը կանոնավոր կերպով մտնում է թուրքական խորհրդարանի գրադարան:
«Դեռ 2008-ին մենք տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ «Ակոսն» արգելված է Թեքիրդաղ բանտում: Ճիշտ է, այդ ժամանակվանից ի վեր բողոքներ այլևս չեն ստացվել և մենք մտածել ենք, որ արգելքը հանվել է: Մինչև այժմ պարզ չէ` արգելված է մեր թերթը բանտերում, թե ոչ: Կարծում եմ, որ դա մեծ սխալ է»,- հայտարարել է «Ակոսի» գլխավոր խմբագիր Ռոբերտ Կոպտաշը: Թերթի խմբագրությունը կապվել է մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Զաֆեր Ուսկուլի հետ, բայց պատասխան այդպես էլ չի ստացել:
Իր հերթին Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ օտարալեզու հրատարակությունները պետք է թարգմանվեն թուրքերեն, ստուգվեն և միայն հետո տրամադրվեն բանտարկյալներին: