ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունը հիմնականում հասցեագրված էր Ադրբեջանին: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: «Ադրբեջանական կողմը մեծ աղմուկ է բարձրացրել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման շուրջ, քանի որ փաստորեն ստացվում է, որ դրանով հերթական անգամ ամրագրվում է Արցախի անկախության փաստը: Այժմ Ադրբեջանն ինքն իրեն այնպիսի վիճակի մեջ է դրել, երբ նրա սպառնալիքները ոչ միայն անտրամաբանական են, այլ նաև ծիծաղելի»,-ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղարը:
Ըստ Շահբազյանի, Իլհամ Ալիևը ստորագրում է մի բան, իրականում, վերադառնալով Ադրբեջան, անում է մեկ այլ բան: Հայ պատգամավորը վստահություն է հայտնել, որ ադրբեջանական կողմն, ի վերջո, ստիպված կլինի իրական սադրանքների գնալ՝ ինչ-որ կերպ արդարանալու համար սեփական ժողովրդի առջև:
ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարության մեջ համանախագահները կարծիք են հայտնել, որ ժամանակն է վճռական քայլեր կատարել խաղաղ պայմանագրի նախագծի մշակման համար:
Ապրիլի 13-ին ԵԱՀԿ ՄԽ-ն հատեց Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը և շարժվեց Բաքու: Ինչպես և անցյալ անգամ` 2010թ. սեպտեմբերին, անցումը շփման գծով կոչված էր ցույց տալու 1994թ. հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման կարևորությունը և հասկացնելու, որ շփման գիծը չպետք է մշտական արգելք դառնա հարևան ժողովուրդների միջև կապերի համար: «Մենք հաստատում ենք նաև այն փաստը, որ համանախագահները պետք է այցելեն հակամարտության հետ կապ ունեցող ցանկացած շրջան: Համանախագահներն այցելել են նաև Օրթա Գարվենդ, որտեղ մարտի 8-ին տեղի էր ունեցել միջադեպը:
Հիմնվելով մարտի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ համատեղ հայտարարության վրա` համանախագահները կողմերին ներկայացրել են բոլոր կողմերի մասնակցությամբ ճակատում միջադեպերի հետաքննության համար մեխանիզմի նախագիծը: Համանախագահները շարունակելու են աշխատել կողմերի հետ` հետաքննության ավելի թափանցիկ և օբյեկտիվ գործընթացի ստեղծման նպատակով, որպեսզի ամրապնդեն փոխվստահությունը, նվազեցնեն թերակատարումների ռիսկը և փրկեն մարդկային կյանքերը»,- ասվում է հայտարարության մեջ: