15 ապրիլի 2011 - 17:31 AMT
Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է 1.5 մլրդ եվրո տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի` Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Ռուսաստանի բաժնի ղեկավար Ֆիլիպ Շիմչակի գլխավորած պատվիրակությանը:

Երկուստեք կարեւորվել է Հայաստանի համագործակցության խորացումը Եվրոպական Ներդրումային Բանկի հետ: Հանդիսանալով ԵՄ ֆինանսական ամենամեծ կառույցը` Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է 1.5 մլրդ եվրո տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից` Հայաստանում մի շարք տնտեսական ծրագրերի` այդ թվում Հյուսիս-Հարավ մայրուղու, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը, ինչպես նաև այլ խոշոր ներդրումային և ենթակառուցվածքային ծրագրերին մասնակցության հարցը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորել աշխատանքային խումբ, որը գործնականում կմշակի ծրագրեր և կներկայացնի Եվրոպական ներդրումային բանկի քննարկմանը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող Երեւանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի ընթացքի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել օգտագործել երկու կողմերում առկա համագործակցության մեծ ներուժը:

Արթուր Բաղդասարյանի առաջարկությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կազմակերպել համաժողով, որի ընթացքում կներկայացվեն Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի առանձնահատկությունները և ոլորտները, իսկ հայկական կողմին հնարավորություն կընձեռվի ներկայացնել կոնկրետ ծրագրեր և ստանալ վերջիններիս վերաբերյալ խորհրդատվություն, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը: