16 ապրիլի 2011 - 12:31 AMT
ԱՀՀ-ն սատարում է Ֆրենկ Փալոունի Ղարաբաղին 10 մլն դոլար հատկացնելու առաջարկին

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) հավանություն է տալիս ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի Լեռնային Ղարաբաղին 10 մլն դոլար հատկացնելու մասին պահանջին, որը նա առաջ է քաշել Բյուջետային հատկացումների ենթակոմիտեում: Ըստ ԱՀՀ Կոնգրեսի հետ կապերի գծով ներկայացուցիչ Բիանկա Քադյան-Դոդովի, նախօրեին ԱՀՀ-ն խորհրդակցություններ է անցկացրել հատկացումների կոմիտեում:

Փալոունը նշել է, որ մտադիր է մոտ 60 մլն դոլար խնդրել Հայաստանի և 10 մլն դոլար Լեռնային Ղարաբաղի համար, ինչպես նաև 8 մլն դոլար պաշտպանության ոլորտի և 2 մլն դոլար զինվորականների միջազգային կրթական թրենինգների համար: «ԱՀՀ-ն ողջունում է Փալոունի հայտարարությունը: Մենք հուսով ենք, որ կաշխատենք կոմիտեի անդամների համար՝ Հայաստանին ու Արցախին օգնելու համար: Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և դիպուկահարների դպրոցի բացումը՝ մենք կոչ ենք անում Կոնգրեսին լիարժեք օգտագործել «Ազատության ակտի» 907-րդ ուղղումը Ադրբեջանին ԱՄՆ կառավարական օգնությունից զրկելու մասին»,-ասել է Քադյան-Դոդովը:

Նա նաև կոմիտեի ուշադրությունն է հրավիրել քրիստոնյա փոքրամասնությունների վիճակին Մերձավոր Արևելքում, որոնք ապրում են «ռազմական պայմաններում ու ճնշման տակ»: ԱՀՀ-ն նաև կարևորում է Թուրքիայի կողմից հնչող սպառնալիքները՝ թուրքաբնակ 100 հազար հայերին վտարելու մասին:

«Մենք կոչ ենք անում Օբամային, որպեսզի նա ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում Մեծ եղեռն հայերեն արտահայտությւնը փոխարինի անգլերեն՝ Հայոց ցեղասպանություն եզրույթով»,-ասվում է ԱՀՀ հայտարարության մեջ: