19 ապրիլի 2011 - 15:51 AMT
Արմեն Աշոտյան. Երիտասարդները սկսել են առավել պրագմատիկ մոտենալ մասնագիտության ընտրությանը

Ապրիլի 19-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման ու սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ խոհանոց-լաբորատորիայի, համտեսի ու հանդիսությունների սրահի, ինչպես նաև ուսումնական հյուրանոցի բացումը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան ներկայացուցիչները: Ինչպես միջոցառմանը հայտարարել է Արմեն Աշոտյանը, նախարարությունը բարձր է գնահատում քոլեջի կոլեկտիվի ու ուսանողների ինովացիոն մոտեցումները աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդման ու կրթության բովանդակության արդիականացման ուղղությամբ: Նա նշել է նաև, որ Հայաստանում արդեն բարձրագույն կրթություն ստանալու ավանդույթ է ձևավորվել: Սակայն, ըստ նախարարի, վիճակը մի փոքր փոխվել է: «Երիտասարդները սկսել են առավել պրագմատիկ ու հիմնավորված մոտեցում ցուցաբերել մասնագիտության ընտրության հարցում»,-ասել է նա: Ըստ նրա, ավելի լավ է լինել միջին մասնագիտական ուսումնական հաստատության լավ շրջանավարտ երաշխավորված աշխատատեղով, քան հերթական տնտեսագետ ու իրավաբան լինել մշուշոտ ապագայով: