Մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակը անհրաժեշտ է անել ամեն ինչ այդ ողբերգության համատարած ճանաչման հասնելու համար: Այդ մասին «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց…» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտնել է Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Ռուս փորձագետի խոսքով, աշխարհում գոյություն ունեն հարյուր հազարավոր փաստագրական նյութեր, որոնք վկայում են Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի ոչնչացման մասին: «Գոյություն ունի Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի հսկայական քանակություն, որոնցից անհնար է ձերբազատվել, և որքան էլ ժխտեն, որ Ցեղասպանություն չի եղել, դա մարդկության խաբեություն է»,- ասել է Վլադիմիր Զախարովը:
Այս համատեքստում ռուս փորձագետը հաղորդել է, որ վերջերս Մոսկվայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիացի լրագրող Անրի Բարբիի հուշերի գիրքը, որը նաև փաստագրական նյութ է հանդիսանում XX դարի առաջին ցեղասպանության մասին: