19 ապրիլի 2011 - 17:42 AMT
Երևանում քննարկել են հայ-ռուսական միջմշակութային հարաբերությունների հեռանկարները

Ապրիլի 19-ին Հայաստանի ազգային պատկերասրահում «Դեպի միջմարզային համագործակցության նոր ձեռքբերումներ` հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին հայ-ռուսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան, որին մասնակցում էին Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի գործիչներ, համալսարանների ներկայացուցիչներ: Կլոր սեղանին մասնակցեցին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Պավել Խոռոշիլովը: Հասմիկ Պողոսյանը բարձր գնահատեց հայ-ռուսական միջմշակութային հարաբերությունները, ինչպես նաև երկկողմանի համագործակցությունը միջազգային հաստատությունների հետ:

Անդրադարձ եղավ նաև երկկողմանի բացթողումներին, որոնք հարկավոր է շտկել: Օրինակ, հեռանկարային է համատեղ մշակութային էլեկտրոնային ցանցի ստեղծումը, որի շնորհիվ երկու երկրների քաղաքացիները կարող են շատ արագ ինֆորմացիա ստանալ մշակութային միջոցառումների մասին: Խոսվեց նաև երկու երկրների թանգարանային նմուշների ցուցահանդեսների մասին, որոնց տեղափոխությունը դժվար է, սակայն կարելի է կազմակերպել վիրտուալ ցուցահանդեսներ:

Կլոր սեղանի թեմաներն էին` «Կրթական գլոբալ ճգնաժամը և դրա հետևանքը ԱՊՀ տարածաշրջանում», «ԱՊՀ ժողովրդների արդիականությունն ու դասական գրականությունը», «Հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման հիմնական նախադրյալները», «Կրթական միասնական տիրույթն ու ռուսաց լեզվի դերը ԱՊՀ-ում» և «Թատերարվեստի ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ու զարգացման հեռանկարները»: