Հայաստանի ԱԷԿ-ը պլանային պրոֆիլակտիկայի նպատակով աշխատանքը դադարեցնելուց հետո ապրիլի 19-ին ամբողջ հզորությամբ միացել է հանրապետության էներգաարտադրության ցանցին, հաղորդում է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության մամլո ծառայությունը:
«Ատոմակայանի գործունեությունը դադարեցվել էր ամեն տարի նախատեսվող պլանային տեխնիկական աշխատանքների նպատակով: 16 օրվա ընթացքում վերանորոգման և մաքրման աշխատանքներ են իրականացվել ԱԷԿ-ի երկու տուրբոգեներատորներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում դադարեցվել էր ապրիլի 3-ին` էներգաբլոկի վերանորոգման և մաքրման աշխատանքների նպատակով, սակայն ապրիլի 7-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը միացել էր հանրապետության էներգաարտադրության ցանցին` մեկ տուրբոագրեգատով: