Ադրբեջանի հարցումն, ուղղված ՄԱԳԱՏԷ-ին՝ ՀԱԷԿ-ում մանրակրկիտ ստուգումներ անցկացնելու վերաբերյալ, ոչ մի կապ չունի այդ կառույցի առաքելության հետ, որը ծրագրված է ընթացիկ տարվա մայիսի համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: «ՄԱԳԱՏԷ-ի այս առաքելությունը կոչվում է ՕՍԱՐՏ՝ պլանային առաքելություն, որն իրականացվում է պայմանավորվածությունների շրջանակներում: Այդ առաքելության հիմնական նպատակն է տեղում համոզվել, որ ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներով անցկացվող աշխատանքները օպերատիվ են անցկացվում»,-նշել է նա:
Ըստ Արեգ Գալստյանի, ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կստուգի ԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման կազմակերպումը: «Նման գործողություններ կատարվում են ոչ միայն մեր կայանում, այլ մյուս կայաններում ևս, այն անց է կացվում մի քանի տարին մեկ անգամ»,-հավելել է փոխնախարարը: