20 ապրիլի 2011 - 10:49 AMT
Թուրքիայում երկրորդ անգամ կնշվի Հայոց ցեղասպանությունը, բայց որպես «1915 թվականի ողբերգություն»

«1915 թվականի իրադարձությունները ողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ կնշվեն Թուրքիայում: Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին տեղի ունեցած տեղահանման ժամանակ զոհված հայերը կհիշատակվեն մի քանի միջոցառումների ժամանակ: Ամբողջ աշխարհի հայերը նշում են ապրիլի 24-ի ողբերգությունը, որովհետև այդ օրը տեղահանվել և զոհվել են»,- գրում է թուրքական Zaman թերթը:

Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 24-ն առաջին անգամ Թուրքիայում նշվել է 2010 թվականին` Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին, ներկա էին, և' հայեր, և' թուրքեր: Այս տարի միջոցառումներ տեղի կունենան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, Անկարայում, Զմյուռնիայում, Դիարբեքիրում և Բոդրումում: Ցեղասպանության զոհերի հիշատակին մոմեր կվառվեն: Արարողությունների ժամանակ հայկական ազգային երաժշտական գործիքի` դուդուկի երաժշտության ներքո կընթերցվեն զոհվածների անունները: Միջոցառումները կազմակերպվում են «Ոչ ռասիզմին և ազգայնականությանը» (Dur De!) նախաձեռնության կողմից: Կազմակերպության խոսնակ Ջենգիզ Ալգանի խոսքով, 1915 թվականին տեղ գտած իրադարձությունները «մեր ընդհանուր ցավն են»: «Մենք պետք է դիմակայենք այն իրականությանը, որը 100 տարի շարունակ կոծկվել է պաշտոնական գաղափարախոսության կողմից»,- ասել է նա: Նախաձեռնությունը «Դա մեր ցավն է» խորագրով հայտարարություն է տարածել, որի տակ ստորագրել են ավելի քան 100 մտավորականության ներկայացուցիչներ, գրողներ և լրագրողներ: Դիարբեքիրում միջոցառումներին «Խաղաղություն և ժողովրդավարություն» (BDP) քրդամետ կուսակցությունից անկախ թեկնածուներ կմասնակցեն:

«Թուրքիան հասկացել է, թե ինչ է հայկական հարցը: 1915 թվականի իրադարձությունների ժխտումը պաշտոնական կլիշե է դարձել: Մենք սկսել ենք դիմակայել անցյալին և պետք է առաջ շարժվենք»,- ասել է Ալգանը: