20 ապրիլի 2011 - 11:03 AMT
Երևանի սբ.Աստվածածին եկեղեցու տարածքում 17-րդ դարի կարասներ են հայտնաբերվել

Երևանի կենտրոնում` սբ.Աստվածածին եկեղեցուն հարող տարածքում սկսված սբ.Աննայի հոգևոր համալիրի շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են 16-17 դարին պատկանող կավե երեք կարասներ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխատանքների ընթացքին հետևող, Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, հնագետ Գագիկ Սարգսյանը, կարասները ամբողջական չեն, և արդեն կոտրված են գտնվել: Ապրիլի 20-ին կարասները պետք է տարվեն Երևան քաղաքի պատմության թանգարան: Հնագետը նաև ավելացրեց, որ կարասները մեծ հնագիտական արժեք չեն ներկայացնում, սակայն վկայում են, որ եկեղեցու մոտ կարող էր լինել մառան: Այն հարցին, թե ինչի համար են նախատեսված եղել կարասները, հնագետը նշեց, որ դժվար է կոնկրետ ասել, բայց դրանք կարող են լինել գինու կամ ցորենի պահպանման կարասներ: Կարասները գտնվել են եկեղեցու 17 դարի կցակառույցի տակ: Գագիկ Սարգսյանը նաև հավելեց, որ դեռ շինարարական աշխատանքների ընթացքում կատարվող փորման աշխատանքները շարունակվում են, և դեռ այդքան խորը չի փորվել: Մոտ հինգ մետր պետք է կատարվեն փորման աշխատանքները, որի ընթացքում ավելի կոնկրետ կարելի է ասել, թե հնագիտական շերտերը ինչքանով են կարևոր:

Բացի այս ամենից, ապրիլի 1-ին շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է պատի մեջ կառուցված XVII դ. խաչքար, ինչպես նաև XVIIդ. պատնեշի բեկոր: Հայտնաբերվել է նաև 17-րդ դարի բազիլիկայի պատի մի դրվագ, այս բազիլիկան պայթեցվել է 1936 թվականին ստալինյան ռեպրեսիաների ժամանակ: Սակայն, Գագիկ Սարգսյանի խոսքով, չնայած հնագիտական գտածոներին, շինարարական աշխատանքները չեն դադարեցվելու, քանի որ առայժմ իսկական արժեք ներկայացնող որևէ արտեֆակտ չի հայտնաբերվել: