20 ապրիլի 2011 - 14:46 AMT
ՀՅԴ. Հայաստանում նվազագույն կենսապահովման բյուջեն պետք է կազմի 61 հազար դրամ

Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն ուղղված չէ երկրում աղքատության հաղթահարմանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, դրա ապացույցներից մեկն իշխանությունների կողմից «Նվազագույն կենսապահովման բյուջեի մասին» օրենքը չընդունելն է, որի ընդունումը նախագահի նախընտրական խոստումներից էր և կոալիցիայի ծրագիրը: «Կառավարությունը կամ պետք է կատարի իր խոստումները կամ հրապարակավ խոստովանի, որ չի կարող դրանք իրականացնել»,- ասել է նա: Նա նաև հավելել է, որ հավանաբար իշխանություններին ձեռնտու է երկրում աղքատությունը, քանի որ աղքատներին ընտրությունների ժամանակ ավելի հեշտ է գնելը, քան ապահովված մարդկանց:Մինասյանը նաև հավելել է, որ հիմա կառավարությունը բացատրում է օրենքի չընդունումը նրա ոչ իրական և ոչ նպատակահարմար լինելով և չի լսում ՀՅԴ եզրակացություններն և առաջարկությունները, մասնավորապես ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ: Դաշնակցության կարծիքով, նվազագույն կենսապահովման բյուջեն պետք է կազմի 61 հազար դրամ: Պատգամավորի խոսքերով, այդ գումարը կազմված է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից, ինչպես նաև ոչ սպառողական ապրանքներից և ծառայություններից համապատասխանաբար: