
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն արդեն այս տարվա ընթացքում կարող է Հին Ջուղայում ադրբեջանցիների կողմից հայկական խաչքարերի ոչնչացման գործով վճիռ կայացնել: Համապատասխան հայցը Եվրոպական դատարան է ներկայացրել Արևմտյան Հայաստանի Հայերի ազգային խորհուրդը:
«Մեր հայցն ընդունվել է: Մենք գտնում ենք, որ դատարանը կրկին կանդրադառնա մեզ գործի հետ կապված մի շարք հարցեր պարզելու համար: Դա երկար գործընթաց է, բայց մենք ակնկալում ենք, որ տարվա ընթացքում դատավորներն այդ հարցով վճիռ կկայացնեն: Բոլոր գործընթացները զարգանում են այդ ուղղությամբ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արևմտյան Հայաստանի Հայերի ազգային խորհրդի նախագահ Արմեն Աբրահամյանը: