21 ապրիլի 2011 - 11:21 AMT
Քերոլայն Քոքս. Արցախի ժողովուրդն անպայման պետք է մասնակցի ղարաբաղյան կարգավորման բանակցություններին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն անպայման պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Նա բարձր է գնահատել այն առաջընթացը, որը Ղարաբաղը գրանցել է վերջին տարիներին: «ԼՂՀ կատարած մեր այցի շրջանակներում մենք տեսանք, որ հենց Հայաստանն ու Ղարաբաղն են ամենամեծ զիջումներին գնացել Մինսկի գործընթացի շրջանակներում»,- ասել է բարոնուհին:

Քոքսի խոսքով, Ղարաբաղ կատարած այցի ընթացքում իրենք կրկին համոզվեցին, որ հայկական կողմը Մինսկի գործընթացի սկզբունքների համաձայն առաջ շարժվելու կամք է դրսևորում, և Ադրբեջանը պետք է նույնը անի:

Քոքսի խոսքով, չնայած ճնշմանն Ադրբեջանի կողմից, որը Ղարաբաղ այցելած քաղաքական գործիչներին «պերսոնա նոն-գրատա» է հայտարարում, բրիտանական խորհրդարանականները ցանկացան այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրադրությանը: Քոքսը նշել է, որ ըստ ամենայնի, արտասահմանցի քաղաքական գործիչների այցերն Արցախ վախեցնում են Ադրբեջանին, և նրանց սև ցուցակում ընդգրկելով` Բաքուն ինքն իրեն է վնասում: