Հայ-բրիտանական խորհրդարանական խմբի անդամներն ամեն ինչ կանեն, որպեսզի Բրիտանիայում մարդիկ իմանան Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության անդամ Ջոն Վիթինգդեյլը, ցավոք, այսօր Անգլիայում լավատեղյակ չեն Հայոց ցեղասպանությանը:
«Մենք այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և տեսանք կատարվածի բոլոր ապացույցները: Վերադառնալով Բրիտանիա, ես կպատմեմ այն ամենն, ինչ տեսա, իմ տպավորությունները կկիսեմ իմ գործընկերների հետ»,-հայտարարել է նա: Նա հայտնել է, որ մտադիր է ցուցահնդես կազմակերպել բրիտանական խորհրդարանում՝ իրազեկելու համար խորհրդարանականներին Հայոց ցեղասպանության սարսափելի իրողության մասին:
Իր հերթին Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայտարարել է, որ շատ ցավալի է, որ Թուրքիան մինչ օրս ժխտում է Հայոց ցեղասպանությունը: «Չճանաչված ցանկացած ցեղասպանություն հող է նախապատրաստում նոր ցեղասպանությունների համար: Այդ ոճրագործության ճանաչումն ու դատապարտումը բխում է արդարության ու մարդու իրավունքների սկզբունքներից: Ես, հայ չլինելով, ցանկանում եմ ասել, որ Հայոց ցեղասպանության վերքերը չեն ապաքինվի, եթե այն չճանաչվի»,-ասել էՔոքսը:
Ըստ Բարոնուհու, թուրք ժողովուրդը ինքն է ցանկանում, որպեսզի իր կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ ժողովուրդը չի կարող հավերժ ապրել ստի մեջ: «Տխուր է, երբ երկրի ղեկավարությունը վախենում է ճշմարտությունն ասել այդ իրադարձությունների մասին»,-ասել է Քոքսը: