21 ապրիլի 2011 - 13:14 AMT
Մինչև 2013-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ՓՄՁ վարկավորմանը կուղորդի 30 մլն դոլար

«Business & Finance» շվեյցարական խորհրդատվական ընկերությունը ուսուցողական դասընթացներ է անցկացրել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային մասնագետների համար

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել «Business & Finance» շվեյցարական խորհրդատվական ընկերության կողմից բանկի վարկային աշխատակիցների ուսուցման և պատրաստման ծրագրով դիպլոմների հանձնման արարողությունը: Տվյալ նախագծի նպատակն է «Business & Finance» ընկերության կողմից խորհրդատվական ծառայությունների մատուցումը, որոնք նպատակաուղղված են Առէկսիմբանկում փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացմանը: Սեմինարները անցկացվել են երկու մոդուլներով` «ՓՄՁ-ների վարկավորման հիմունքներ», որոնց ընթացքում բանկի մասնագետները ծանոթացել են միջազգային փորձում ընդունված վարկավորման հիմնական հասկացություններին, ինչպես նաև ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում տարբեր մոտեցումներին: Տեսական մոդուլի ավարտից անմիջապես հետո վարկային մասնագետները անցան ՓՄՁ-ների վարկավորման երկշաբաթյա պրակտիկա:

Բանկի մասնագետներին դիպլոմներ հանձնելիս, «BFC»-ի ավագ վարկային խորհրդատու Վերա Լաբզինան շնորհակալություն հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ղեկավարությանը սեմինարների կազմակերպման, իսկ մասնակիցներին` ուսուցման ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար: «Այժմ բանկերի միջև մրցակցությունը սրվում է հաճախորդների ներգրավման համար և այդ պայքարում գլխավոր փաստարկը սպասարկման որակն է և որոշումների կայացման արագությունը: Հուսով եմ, որ մեր սեմինարները արդյունավետ կլինեն ձեզ համար և իսկապես կօգնեն ձեր հետագա մասնագիտական աճին, իսկ արդյունքում` նոր հաճախորդների ներգրավման դժվար գործին»:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանն իր պատասխան խոսքում շնորհակալություն հայտնեց «Business & Finance» ընկերությանը և, մասնավորպես, ընկերության ներկայացուցիչներ ավագ վարկային խորհրդատուներ Ելենա Բևզյուկին և Վերա Լաբզինային նրանց բարձր արհեստավարժության և անգնահատելի այն փորձի համար, որ նրանց շնորհիվ ձեռք բերեցին բանկի վարկային մասնագետները: Եզրահանգելով, Վիգեն Բարսեղյանը նշեց, որ Առէկսիմբանկը համարում է, որ փոքր և միջին բիզնեսի զարգացումը բանկի համար շատ հեռանկարային ուղղություն է: «2010 թվականին բանկն արդեն ՀՀ ԿԲ-ի վերաֆինանսավորման ծրագրով ՓՄՁ-ների վարկավորման գծով առաջատար երեք բանկերի թվում է: ՓՄՁ-ների վարկավորման ծավալների ընդլայնումը նախատեսվում է 2011-2013 թթ. Բանկի Ռազմավարական զարգացման ծրագրով: Այդ ծրագրով մինչև 2013 թվականը ՓՄՁ-ների վարկավորման համար նախատեսվում է հատկացնել մինչև 30 մլն ԱՄՆ դոլար, որոնցից 10 միլիոնը արդեն 2011 թվականին»,- վերջում նշեց Վիգեն Բարսեղյանը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: