21 ապրիլի 2011 - 13:52 AMT
Հնչակյան կուսակցության երիտասարդական միությունը բաց նամակով դիմել է Մարի Յովանովիչին

Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական միությունը բաց նամակով դիմել է Մարի Յովանովիչին, անդրադառնալով ԱՄՆ նախագահների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: «Ձեր երկրի լուռ անտարբերությունն այս հարցերի նկատմամբ ոչ միայն վիրավորական է, այլ նաև տպավորություն է ստեղծում, որ ԱՄՆ-ն մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունը` Հայոց ցեղասպանությունը, օգտագործում է սեփական քաղաքական խնդիրները լուծելու համար»,- ասվում է Հնչակյան կուսակցության ուսանողական-երիտասարդական միության բաց նամակում` ուղղված Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին:

Նամակում մասնավորապես հարց է տրվում, թե «այլապես ինչպես կարելի է բացատրել ԱՄՆ գրեթե բոլոր նախագահների նախընտրական խոստումները, որ անպայման կճանաչենք Հայոց ցեղասպանությունը, և ընտրվելուց հետո լուռ և երդմնազանց պահվածքը»:

«Այս տարի` ընդամենը մի քանի օրից, Ձեր երկրի նախագահը` Բարաք Օբաման, հնարավորություն ունի ապացուցելու, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը հիմնված է ոչ թե պատեհապաշտ խոստումների, այլ իրական գործընկերության, սեփական խոսքը հարգելու սկզբունքների վրա:

Տարիների ընթացքում մեր ժողովուրդը լռել է, հավատալով, որ Ցեղասպանության կազմակերպիչ երկիրն արժանի պատիժ կստանա, և կլինի վերջապես մեր ժամանակների Նյուրնբերգը: Նոր աճող սերունդը, սակայն, չի պատրաստվում երկար լռել և խոսել խնդրանքների լեզվով: Մենք տեր ենք մեր Արդար Դատին, մեր նախնյաց Իրավունքներին…»,- ընդգծում են նամակի հեղինակները: