Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար Էդվարդ Անտինյանը ՀԱԿ-ի անդամներին, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանին և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին մեղադրել է նրանում, որ նրանք ուրացել են իրենց ազգականների գործը, որոնց քաղաքական գործը, իբր, շարունակում են: Այդ մասին նա հայտնել է Հայաստանում քաղաքական երկխոսության խնդրին նվիրված քննարկմանը, որը համատեղ կազմակերպել էին Մամուլի ազգային ակումբն ու ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI): Նա նշել է, որ երբ Կարեն Դեմիրճյանն իշխանության վերադարձավ, նա հայտարարեց, որ երկիրն անդունդում է, իսկ անդունդը նրան նետել էին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ): «Իսկ այժմ նրա որդին ու նրա գործի շարունակողը գնացել կանգնել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին»,- նկատել է Անտինյանը` Ստեփան Դեմիրճյանին առաջարկելով իր կուսակցությունը «Պավլիկ Մոռոզովի կուսակցություն» անվանել:
Անտինյանը նշել է, որ Արամ Սարգսյանը, որն, իբր, շարունակում է իր եղբոր` Վազգեն Սարգսյանի գործը, նույնպես սատարում է Լևոն Տեր-Պետրոսյանին, որի` ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ քաղաքականության դեմ հանդես էր գալիս նրա եղբայրը: Անտինյանը մեկնաբանել է նաև BBC ռուսական ծառայությանը ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցը: Նա հեգնանքով նկատել է, որ ՀԱԿ-ի առաջնորդի խոսքերն այն մասին, որ իր իշխանության գալու դեպքում Ղարաբաղում պատերազմ չի լինի, ճշմարիտ են, «քանի որ նա առանց պատերազմի ամեն ինչ կտա Ադրբեջանին»: