21 ապրիլի 2011 - 20:12 AMT
Լինդել Քինգ. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համաշխարհային մակարդակի թանգարան է

Ապրիլի 15-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ) այցելեցին Մինեսոտայի համալսարանի Ուայսման արվեստի թանգարանի տնօրեն և գլխավոր կուրատոր Լինդել Քինգը և Մինեապոլիսի «Յամոմոտո Ռոս Մաքքինզի» բրենդինգային գործակալության նախագահ Շելի Ռիգանը: Ամերիկյան փորձագետերը շրջայց կատարեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամբողջ տարածքով, Կենտրոնի աշխատակազմի և ղեկավարության հետ քննարկեց ԳԱԿ-ի ցուցադրությունները և ծրագրերը:

«Ես հետևել եմ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կայացման տարբեր փուլերին և ուրախությամբ եմ փաստում, որ այսօր այն համաշխարհային մակարդակի թանգարան է: Սա իրական հաջողություն է», - ասաց Լինդել Քինգը: Նրա կարծիքով` Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունները, աշխատանքը և ծրագրերը համապատասխանում են բարձրագույն միջազգային չափանիշերին:

Ամերիկյան փորձագետները Հայաստան են այցելել իբրև թանգարանային բրենդինգի սեմինարավարներ: Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ Մշակույթի նախարարության, Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանյան կոմիտեի և Թանգարանային աշխատակիցների և բարեկամների ընկերակցության կողմից: Դասախոսություններից մեկը Շելի Ռիգանը ներկայացրեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում` հայ արվեստաբան և թանգարանագետ ուսանողներին: Իր խոսքում Շելի Ռիգանը նշեց, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը թանգարանային բրենդինգի վառ օրինակ է, հաղորդում է ԳԱԿ մամլո ծառայությունը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները բերել Հայաստան և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: Ոգեշնչվելով իր հիմնադրի` Ջերարդ Գաֆէսճեանի տեսլականով` Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի լայնածավալ հավաքածուն: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր: