21 ապրիլի 2011 - 20:26 AMT
Աշխատանքային երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Նիդեռլանդների բանկի նախագահ դոկտոր Նուտ Վելլինկը

Աշխատանքային երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Նիդեռլանդների բանկի նախագահ դոկտոր Նուտ Վելլինկը, որն ապրիլի 21-ին հանդիպել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի և Խորհրդի անդամների հետ:

Դոկտոր Նուտ Վելլինկի այցելության առթիվ Կենտրոնական բանկում կազմակերպվել էր կլոր սեղան բանկային վերահսկողության թեմայով, որին մասնակցում էին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և հանձնաժողովի անդամ Արեգ Բարսեղյանը, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և փոխնախարար Վարդան Արամյանը, բանկերի գործադիր տնօրեններ, ԿԲ վարչության պետեր:

Կլոր սեղանի ժամանակ ներկայացվել է «ՀՀ ֆինանսական համակարգի և վերահսկողական մոդելի պատմական զարգացումները» զեկույցը, որից հետո դոկտոր Նուտ Վելլինկը հանդես է եկել «Վերահսկողական ճարտարապետության նոր միտումները կենտրոնական բանկի կառուցվածքում, թե՞ դրանից դուրս» թեմայով ելույթով: Նա նշել է, որ համաշխարհային ֆինանսական համակարգի վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին, որ վերահսկողական և մոնետար գործառույթները մեկ տանիքի ներքո միավորելը ներկա դրությամբ լավագույն մոդելն է, քանի որ մի քանի երկրներում առանձնացված վերահսկողությունը ձախողվել է: Նա կարևորել է այն հանգամանքը, որ կենտրոնական բանկերից կողմից անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կընձեռի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել վերահսկողության ոլորտում:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհակալություն հայտնելով հյուրին, նշել է, որ Նիդեռլանդների բանկը երկար տարիներ աջակցել և օգնել է Հայաստանի կենտրոնական բանկին ֆինանսական վերահսկողության զարգացման հարցում: Նա ասել է, որ Կենտրոնական բանկը հետաքրքրված է ուսումնասիրելու ապահովագրական ընկերությունների և կենսաթոշակային հիմնադրամների վերահսկողության ոլորտում Նիդեռլանդների փորձը, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: