23 ապրիլի 2011 - 13:37 AMT
Կիրո Մանոյանը չի հասկանում, թե ինչու Երևանը մինչ օրս ետ չի կանչել իր ստորագրությունը

Վերջին տարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում գրանցվել են ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխություններ: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, ետ չկանչելով Հայ-թուրքական արձանագրոյթունների տակ դրված ստորագրությունը, Հայաստանը լրացուցիչ լծակներ տվեց Թուրքիային:

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանի իշխանություններն մինչ օրս ետ չեն կանչել Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրությունը»,-ասել է նա: Ըստ Մանոյանի, ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի և հայ ժողովուրդը միշտ արծարծելու է այս հարցը միջազգային ասպարեզում:

Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցում՝ Մանոյանը վստահություն է հայտնել, որ առանց արտաքին քաղաքական ճնշման պաշտոնական Անկարան հազիվ թե ճանաչի այդ փաստը: «Ցեղասպանության հարցը վերաբերում է թուրք ազգի ինքնագիտակցությանը և առանց արտաքին ճնշման դժվար է պատկերացնել, որ Թուրքիան կճանաչի այդ հարցը»,-ասել է Մանոյանը: Անդրադառնալով հատուցման հարցին՝ Մանոյանը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների առկայությունը շատ է վնասում հատուցման հարցին: «Անշուշտ, դժվար է բարձրացնել հատուցման հարցը քաղաքական շրջանակներում, սակայն այսօր հայ ժողովուրդը հստակ պետք է ներկայացնի իր պահանջները»,-ասել է նա: