23 ապրիլի 2011 - 22:27 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՅԴ երիտասարդական թևի կողմից կազմակերպված երթի մասնակիցներն Օպերայի շենքի մոտից Բաղրամյան պողոտայով բարձրացել են Ծիծեռնակաբերդի բլուր: Մինչ երթի սկսվելը ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: Նա ասաց, որ Հայոց Ցեղասպանության հետևանքով հայ ազգը զրկվեց ոչ միայն իր պատմական հայրենիքց, այլև հոգևոր ու մշակութային ժառանգությունից, դեպի ծով ելք ունենալու հնարավորությունից: Հովհաննիսյանի խոսքով, այսօր Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պիտի կառուցի հավասարը հավասարի սկզբունքով, այլ պայման անընդունելի է:

Ակցիայի մասնակիցները պահանջել են ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև վերականգնել պատմական արդարությունը: Նրանք այրել են Թուրքիայի դրոշը` որպես թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող թուրքական դրոշից էլ վառվել են ջահերը:

Միջոցառման կազմակերպիչների գնահատականներով, երթին մասնակցել է 10 հազար մարդ, հիմնականում երիտասարդության ներկայացուցիչներ:

Երևանում ջահերով երթը տեղի է ունենում 12-րդ անգամ: Այս տարի երթին պաշտոնապես մասնակցել են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

ՖՈՏՈՇԱՐՔ