24 ապրիլի 2011 - 10:55 AMT
Հայոց ցեղասպանությունը քաղաքակիրթ մարդկության խայտառակությունն է, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մարդկությանը մի բան կտա` Թուրքիան կհաշտվի իր պատմության հետ»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետական խմբակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության դատապարտումը թույլ կտա, որպեսզի ապագայում նոր ցեղասպանություններ տեղի չունենան. «Թուրքիայում իրականացվել է 20-րդ դարի առաջին հանցագործությունը, որի ընթացքում սպանվել է ոչ միայն 1.5 միլիոն հայ, այլ նաև շուրջ 1 միլիոն հույն և ասորի»:

Նա նշել է, որ ոչ միայն Հայաստանի կառավարությունը պետք է աշխատի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, այլ նաև միջազգային հանրությունը:

«Հայոց ցեղասպանությունը քաղաքակիրթ մարդկության խայտառակությունն է, և քանի դեռ այն դատապարտված չէ, հավանականություն կա, որ ցեղասպանություն կարող է կրկնվել նաև ապագայում»,- նշել է Շարմազանովը:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին` նա նշել է, որ ԱՄՆ-ն բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն այդ մասին և ինքը` Օբաման, նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ 1915-ին եղել է Ցեղասպանություն:

Նրա խոսքերով, Օբաման բազմիցս հայտարարել է, որ նրա դիրքորոշումն այս հարցում չի փոխվել. «ԱՄՆ 50 նահագներից 42-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայից բացի ոչ մի երկիր չի ասում, որ ցեղասպանություն չի եղել, նրանք ուղղակի այդ մասին բարձրաձայն չեն խոսում»,- ասել է ՀՀԿ մամլո քարտուղարը:

Նա նշել է, որ հայ ժողովուրդը պետք է միավորվի, որպեսզի այդ հանցագործությունը դատապարտվի համաշխարհային հանրության կողմից: