Հայոց ցեղասպանության հարցն անհրաժետ է դիտարկել ոչ միայն պատմական առումով, այլ նաև մարդու իրավունքների համատեքստում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերով Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արմինե Դարբինյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո: Նրա խոսքերով, աշխարհում շարունակում են տեղի ունենալ արյունալի դեպքեր այն պատճառով, որ աշխարհը ժամանակին չի դատապարտել ցեղասպանության գործողությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանության: «Անպատիժ մնացած ցանկացած հանցագործություն ծնում է նոր հանցագործություններ: Հենց այդ պատճառով ԱՀՀ-ն վճռական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարում»,- ասել է Դարբինյանը և հավելել, որ շարունակելու է աշխատանքն ամերիկյան կոնգրեսականների և նախագահի աշխատակազմի հետ, որպեսզի ԱՄՆ-ն ի վերջո ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: