25 ապրիլի 2011 - 12:59 AMT
Նաիրիա Զոհրաբյան. Թուրքական քաղաքական վերնախավը շարունակում է արմատական մնալ

Թուրքական քաղաքական վերնախավը շարունակում է արմատական մնալ, կարծում է եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին Ռուս-հայկական համալսարանում «Հայ-թուրքական հարաբերությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա և արտացոլումը մամուլում» միջազգային գիտաժողովի բացման ժամանակ: Զոհրաբյանի խոսքերով, այդ մասին է վկայում նրա աշխատանքը և թուրքական պաշտոնատար անձանց հետ կապերը եվրոպական կառույցներում: «Իմ կողմից բարձրացված հարցերին նախագահ Գյուլի, ԱԳ նախարար Դավութօղլուի և մի քանի օր առաջ վարչապետ Էրդողանի կողմից տրված ցինիկ պատասխանները վկայում են մի բանի մասին՝ ժամանակակից Թուրքիայի քաղաքական վերնախավը ղեկավարվում է նույն մտածողությամբ և քաղաքական գործիքներով, ինչ հարյուր տարի առաջ երիտթուրքերն Օսմանյան Թուրքիայում»,- ասել է նա:

Միաժամանակ, Զոհրաբյանը նշել է, որ թուրքական հասարակության որոշակի հատվածում փոփոխություններ են տեղի ունենում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության ճանաչման հետ կապված և հավելել, որ այս հարցում հույսեր է կապում թուրք հասարակայնության, այլ ոչ թե քաղաքական վերնախավի հետ: Զոհրաբյանի խոսքերով, նրան շատ է ոգեշնչել Ստամբուլում թուրքական մտավորականության ակցիան՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: «Իհարկե, նրանց թիվը դեռ փոքր է, բայց ջինն արդեն ազատ է արձակվել շշից»,- նշել է նա և հավելել, որ նրանց թիվն օրեցօր ավելանալու է: Պատգամավորը նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության հարցի դինամիկան և նույնիսկ ԶԼՄ-ների դիտարկումները վկայում են այն մասին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը սկսելուց հետո միջազգային հանրությունը և թուրք հասարակությունը սկսել են շատ խոսել նաև Հայոց ցեղասպանության մասին: Նրա խոսքերով, թուրքական առաջադեմ հասարակության և մտավորականության մոտ որոշակի տաբուներ սկսել են վերանալ:

Ինչ վերաբերվում է ՌՀՀ կողմից կազմակերպված միջազգային համաժողովին, ապա Զոհրաբյանը նշել է, որ այստեղ արդի հարց է քննարկվում: «Ակհնայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունները թե այսօր, թե վաղն էականորեն ազդելու են տարածաշրջանի գործընթացների վրա, և նման բաց քննարկումները շատ կարևոր են»,- ասել է նա և հույս հայտնել, որ ապագայում նման քննարկումները տեղի են ունենալու ավելի մեծ մասշտաբով, մեծ աշխարհագրությամբ և մասնակիցների քանակով: