26 ապրիլի 2011 - 08:55 AMT
Ապրիլի 24-25 Սիրիայում անցել են միջոցառումներ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 96-ամյակի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս Եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ, ապա Ցեղասպանության հուշարձանի մոտ` հոգեհանգստյան կարգ` Դամասկոսի քույր եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ապրիլի 25-ին սգո արարողություն տեղի ունեցավ Դամասկոսի հայոց գերեզմանատանը` ուր գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Հուշահամալիրում Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին եղեռնի զոհերի հուշարձանին:

Արարողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:

Նույն օրը Սիրիայում Հայաստանի դեսպանություն այցելեցին սիրիահայ համայնքի երեք համայնքապետերը, սիրիահայ համայնքի կուսակցական և միութենական ղեկավարները, գաղութի ներկայացուցիչները և գրառում կատարեցին ոգեկոչման հուշամատյանում: