
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-28-ը Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հրավերով պաշտոնական այցով գտնվելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը մասնակցելու նպատակով:
Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում Փարիզի քաղաքապետ, ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի, Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Ժան-Պոլ Հյուշոնի, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր: Բ. Դելանոեի հետ քննարկվելու են նաև ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի շրջանակներում իրականացվող համագործակցության և ս/թ. հոկտեմբերի 24-27-ը Երևանում կայանալիք կազմակերպության 31-րդ գլխավոր գագաթաժողովի անցկացման հետ կապված հարցեր:
Ապրիլի 26-ին նախատեսվում է ստորագրել Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև համագործակցության մասին համաձայնագիր, որը հնարավորություն կընձեռի փոխշահավետ կապեր հաստատել մշակույթի և ֆրանկոֆոնիայի, կայուն զարգացման, զբոսաշրջության և ժառանգության պահպանման, կրթության, տարածքների բարեկարգման և հասարակական տրանսպորտի կազմակերպման ոլորտներում:
Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ սփյուռքի հայ համայնքի, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, հաղորդում էԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունը: