26 ապրիլի 2011 - 13:21 AMT
Կարեն Կարապետյանին առաջարկում են քաղաքային տրանսպորտում հատուկ սակագներ սահմանել ուսանողների համար

Հնարավորության պարագայում կարելի է անվճար կամ էլ շատ ավելի ցածր սակագին սահմանել Երևանի վարչական շրջաններում բնակվող բոլոր այն ուսանողների համար, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից: Այս մասին ասվում է Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության բաց նամակում` ուղղված Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Միության անդամները առաջարկում են քաղաքապետին, որպեսզի վերջինս հատուկ ուշադրության կենտրոնում պահի ուսանողության հետ կապված հարցերը: Նամակում նաև նշվում է, որ «կարելի է պայմանավորվել համալսարանների ղեկավարության հետ և մի քանի տասնյակ ավտոբուսներ գնելով` հնարավորություն ընձեռել ուսանողներին անվճար բուհեր հասնել»:

«Այս կերպ, դուք նաև կլուծեք մեկ այլ` քաղաքական խնդիր: Կատարելով նման սոցիալական ծրագիր, կզրկեք շատ քաղաքական կուսակցություններին ուսանողներին անվճար այստեղ-այնտեղ տեղափոխելով` քաղաքական դիվիդենտներ շահելու վաղեմի և արդեն «ավանդույթ» դարձած հնարավորությունից` ուսանողությանը զերծ պահելով քաղաքական շահարկումներից»,- նշում են նամակի հեղինակները: