26 ապրիլի 2011 - 13:59 AMT
Թուրք ժանդարմներն Էրդողանի ու ընդդիմության միջև սկանդալի պատճառ են դարձել

Թուրքական Dogan գործակալությունը Ինտերնետում տեսահոլովակ է զետեղել, որտեղ թուրք ժանդարմներն ապրիլի 10-ին ոստիկանության օրվան նվիրված շքերթում վանկարկել են՝ «Գորշ գայլեր»: Միջադեպը Էրդողանի ու Դեվլեթ Բախչելիի գլխավորած Ազգայնական շարժման ընդդիմադիր կուսակցության միջև սկանդալի պատճառ է դարձել:

Հոլովակում Սիվասի ոստիկանության ղեկավարը նաև հարցնում է ենթականերին, թե ովքեր են իրենք, նրանք պատասխանում են՝ «Մենք գորշ գայլեր ենք»:

Ըստ Էրդողանի, իշխող կուսակցությունը կարող է Տաքսիմի հրապարակ դուրս բերել 10 հազար մարդ, որին Բախչելին պատասխանել է. «Ես դուրս կբերեմ 1000 գորշ գայլերի, որոնք հաշվեհարդար կտեսնեն 10 հազարի հետ»:

Թուրքական ազգայնական «Բոզ գուրդ» (գորշ գայլեր) կազմակերպությունը կազմում է ԱՇԿ կուսակցության միջուկը: Կազմակերպության նպատակն է Մեծ Թուրանի ստեղծումը՝ Անատոլիայից մինչ Չինաստան: