27 ապրիլի 2011 - 11:24 AMT
Վթարի ենթարկված աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կվիրահատվի

Ապրիլի 27-ին աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կվիրահատվի, այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Ապրիլի 26-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծանրորդուհուն են այցելել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

«Նրանք խորհրդակցել են բժիշկների հետ: Ծառուկյանը խնդրել է բժիշկներին իրազեկել իրեն հետագա գործողությունների անհրաժեշտության մասին վերջնական որոշում կայացնելուն պես: Նա խոստացել է նաև, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՕԿ-ը Նազիկ Ավդալյանին բուժման կգործուղի արտերկիր»,-ասել է Ներսիսյանը:

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ապրիլի 26-ին ավտովթարի է ենթարկվել Գյումրի-Վանաձոր մայրուղու վրա: Ծանրամարտիկը ողնաշարի վնասվածք և բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Մարզուհուն Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել, որտեղ ճշգրիտ ախտորոշում կտան: Նազիկ Ավդալյանը 2008 թվականի ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է, 2009-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2010-ին Գոյանգում (Հարավային Կորեա) աշխարհի չեմպիոն դարձավ: Աշխարհի առաջնությունից հետո Ավդալյանը վնասվածքի պատճառով մի քանի մրցաշար բաց թողեց, իսկ արդեն 2011 թվականին մասնակցեց Հայաստանի առաջնությանն ու հաղթեց: Նա արդեն պատրաստվում էր 2011 թվականի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Փարիզում և վարկանիշային է լինելու: