Ներկա պահին Հայաստանի Ճանապարհային ոստիկանության լուծարման մասին որոշում չկա: Այդ մասին ոստիկանության համակարգի բարեփոխումների հարցի շուրջ խորհրդարանական լսումների արդյունքում հայտարարել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: «Մենք ցանկանում ենք ուսումնասիրել այդ համակարգում առկա միջազգային փորձը: Ինչպես գիտեք, պարեկապահակակետային ծառայությունը և ճանապարհային ոստիկանությունը տարբեր մարմիններ են, և որոշ դեպքերում կարելի է միավորել դրանց գործառույթները: Այդ պրակտիկան գործում է շատ եվրոպական երկրներում»,- ասել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալը:
Նա նշել է, որ այդ գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում, առաջիկա 3 ամիսների ընթացքում գործելու է միայն փորձնական ծրագիր, և միայն հետո համապատասխան առաջարկներ են ներկայացվելու նախագահին, կառավարությանը և ՀՀ ԱԺ-ին: