28 ապրիլի 2011 - 11:51 AMT
Սերգեյ Մինասյան. Կարսում հուշարձանի ապամոնտաժումն ընդհանուր ոչինչ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ

Կարսում «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժումն ընդհանուր ոչինչ չունի հայ-թուրքական հարաբերությունների իրական դրության և դրանց հեռանկարների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտության բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը: «Հայ-թուրքական հարաբերությունները հեռանկար են ունենալու այլ գործոնների շնորհիվ, այլ ոչ թե ինչ-որ հուշարձանի պատճառով: Ապամոնտաժումը մի կողմից մի շարք թուրք ղեկավարների մոտ թերարժեքության բարդույքի դրսևորում է, մյուս կողմից` պոպուլիստական քայլեր նախընտրական քարոզարշավում»,- ասել է Մինասյանը:

Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին, ապա, փորձագետի կարծիքով, դրանք կախված են լինելու թուրք հասարակության մեջ Հայոց ցեղասպանության խնդրի գիտակցումից և նոր աշխարհաքաղաքական իրավիճակից, երբ Թուրքիան ստիպված է լինելու բացել Հայաստանի հետ սահմանը և միջնաժամկետ հեռանկարում կարգավորել հարաբերությունները: